Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Պետությունը չի որդեգրել ոլորտի կարգավորման և զարգացման քաղաքականություն»

«Պետությունը չի որդեգրել ոլորտի կարգավորման և զարգացման քաղաքականություն»
25.09.2015 | 09:19

«Իրատեսի» զրուցակիցն է «Հասարակական ձայն» (Civil Voice) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:


-Ի՞նչ բնապահպանական խնդիրներ կան երկրում։
-Դժվար է ասել, թե ինչ բնապահպանական խնդիրներ չկան երկրում: Ամենուր կարելի է հանդիպել խնդիրների՝ կանաչ տարածքների ոչնչացումից սկսած հանքերի շահագործման վայրի մեթոդներով վերջացրած: Էլ չեմ խոսում պետական գերատեսչությունների գործունեության խիստ ցածր արդյունավետության մասին, ոլորտի վերաբերյալ օրենսդրական ակտերի անկատարության, ինչու չէ, նաև մեր՝ հասարակական կազմակերպությունների գործունեության ոչ բարձր արդյունավետության մասին: Խնդիրները կան ու դեռ կշարունակեն լինել այնքան ժամանակ, քանի դեռ դրանց կանխարգելման ուղղությամբ չեն իրականացվում հստակ քայլեր: Հայաստանում, ցավոք, ավանդույթ է դարձել այս կամ այն կերպ բարձրաձայնել բնապահպանական խնդիրների մասին, փոխարենը պետք է քայլեր իրականացվեն խնդիրների առաջացումը հնարավորինս կանխելու համար: Միայն այսպիսի գործելաոճը կհանգեցնի բնապահպանական (և ոչ միայն) ոլորտում առաջընթացի գրանցումը: Կա՞ արդյոք Հայաստանում նման գործելակերպ։ Վստահաբար` ոչ:
-Պետությունն ի՞նչ քայլեր է իրականացնում ոլորտը կարգավորելու համար։
-Պետական գերատեսչությունների վարած քաղաքականությունը փաստում է երկրում առկա բազմաթիվ չլուծվող խնդիրների մասին: Բնապահպանության, էներգետիկայի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների գործունեությունը մեծ մասամբ ունենում է հետևանքներ, բայց ոչ արդյունքներ: Այսինքն, գործունեության հետևանքը դեռ չի նշանակում գործունեության արդյունք, իսկ մեզ անհրաժեշտ է արդյունք:
-Քննադատության սլաքներն ուղղում եք դեպի պետական մարմիններ, իսկ հասարակական կազմակերպությունները չե՞ն թերանում։
-Այո, քննադատության սլաքներն ուղղում և շարունակելու եմ ուղղել պետական գերատեսչություններին այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի որդեգրել ոլորտի կարգավորման և զարգացման քաղաքականություն, բայց դա չի նշանակում որ մեր՝ հասարակական կազմակերպությունների գործունեությունը համարում եմ բարձր: Որքան էլ հասարակական կազմակերպություններն ունենան ֆինանսական, մարդկային և այլ անհրաժեշտ ռեսուրսների պակաս, միևնույն է, պետք է մտածեն որոշակի գործունեություն իրականացնելու մասին: Գաղտնիք չէ, որ շատ ՀԿ-ներ գոյություն ունեն միայն գրանցման վկայականով: Հետևաբար, կամ որոշ ՀԿ¬ներ պետք է գործունեություն իրականացնեն, կամ վերջնականապես համալրեն բնապահպանական ՀԿ-ների գերեզմանատունը: Ի դեպ, Civil Voice ՀԿ-ն որոշակի քայլեր արդեն իրականացրել է նվազ ռեսուրսներ ունեցող ՀԿ-ների հետ շփումներ իրականացնելու և աջակցելու ուղղությամբ: Արդյունքների մասին դեռևս վաղ է խոսել, ինչը չի նշանակում, որ դրանք մոտ ապագայում չեն լինի: Ամփոփելով ասեմ՝ ՀԿ-ները ոչ միայն պետք է բարձրաձայնեն առկա խնդիրների մասին, այլև պետք է ձեռնամուխ լինեն դրանց լուծմանը:
-Ի՞նչ գործունեություն է ծավալում Civil Voice-ը։
-Մեր կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ մենք ոչ միայն տեսնում ենք խնդիրները, այլև բարձրաձայնում, նպաստում դրանց լուծմանը: Մասնավորապես, մենք բարձրացրել ենք Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների ապօրինի աշխատանքից ազատման խնդիրը. արդյունքում նրանք վերականգնվել են իրենց աշխատանքին։ Ավելին՝ աջակցել ենք կոմբինատի արհեստակցական միության ձևավորման աշխատանքներին: Նույն Ախթալա ԼՀԿ-ին պատկանող «Նահատակի ձոր» կոչվող պոչամբարի գերհագեցած և պայթյունավտանգ լինելու մասին բարձրաձայնել և բողոքի ակցիաներ ենք իրականացրել և պոչամբարին հարող տարածքում, և կոմբինատի մոտ, և կոմբինատի երևանյան գրասենյակի, և բնապահպանության նախարարության մոտ: Չնայած բնապահպանության նախարարությունը տուգանեց Ախթալայի ԼՀԿ-ին, այնուամենայնիվ, մենք համարում ենք, որ խնդիրը լուծված չէ: Շատ մոտ ապագայում պոչամբարի շահագործման անթույլատրելիության մասին հանդես կգանք նոր հայտարարություններով և փաստերով: Չեմ բացառում, որ կդիմենք ընդհուպ դատարան: Civil Voice-ը ներկայացրել է նաև Ալավերդի քաղաքի բնակչության շրջանում իրականացված բժշկական հետազոտության սահմռկեցուցիչ տվյալներ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից դեպի Արաքս գետ թունավոր արտանետումների մասին փաստող տեսանյութ: Հավելեմ նաև, որ նշածս խնդիրների մասով հարցումներ ենք ուղարկել համապատասխան նախարարություններ: Արդյունքների մասին առաջիկայում ևս կհայտարարենք: Civil Voice ՀԿ-ն, ունենալով բնապահպանական և սոցիալական ուղղություն, իրականացրել է այլ միջոցառումներ ևս, որոնցից կարելի է առանձնացնել «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան, այցելություններ մանկատներ, երիտասարդական զարգացման տարաբնույթ ծրագրեր: Կարող եմ շարունակել թվարկել մեր իրականացրած բազմաթիվ քայլերի, գործողությունների մասին:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
-Ինչպես արդեն նշեցի, թերի են բնապահպանական ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը: Այս ուղղությամբ ևս մենք իրականացնում ենք հստակ քայլեր: Պատրաստում ենք ընդերքի մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ նախագիծ: Մինչ նախագիծը կհասցնենք ավարտին, տեղեկացնեմ, որ արդեն շրջանառության մեջ ենք դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագիծ, ներկայացրել հանրությանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնենք հասարակական կազմակերպություններին, կլսենք նրանց առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում այդ առաջարկները կներառենք նախագծում: Ասեմ նաև, որ նախագիծը ներկայացրել ենք բնապահպանության նախարարությանը, բայց առայժմ նախարարության կողմից պատասխան չունենք: Ներկայումս նախագիծը ներկայացնում ենք նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին: Հուսով եմ, որ կառավարության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով կկարողանանք բարեփոխել օրենսդրական բացերը:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ